Բաիա Մարգիշվիլիին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում

 

Եվրոպամետ ցույցերի ակտիվ մասնակից Բաիա Մարգիշվիլիին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում դատարանի դահլիճում գործի նյութերը պատռելու համար։ Նրան հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորին կամ երդվյալ ատենակալին վիրավորելու հիմքով։

Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Ցեկվավան քննում էր Բաիա Մարգիշվիլիի դեմ Ներքին գործերի նախարարության ներկայացրած գործը։ Ոստիկանությունը նրան մեղադրում էր խորհրդարանի դիմաց Ռուսթավելիի պողոտան արհեստականորեն փակելու համար։

Այդ օրը, նախքան նրան 14-օրյա կալանքի ենթարկելը, դատավորը կնոջը տուգանել էր 200 լարիով և վռնդել դատական նիստերի դահլիճից, քանի որ նա չէր կատարել կողմերի համար նախատեսված աթոռին նստելու պահանջը։

«Ինչի՞ մասին եք խոսում, այսպես Սահմանադրությունը պատռել են ձեր գլխին»,- ասել է Բաիա Մարգիշվիլին, վերցրել նիստի արձանագրությունը, պատռել և նետել Զվիադ Ցեկվավայի դիմացի սեղանին։