Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին հրաժարական է տվել։ Հրաժարականի մասին լուրը Չիքովանին հայտնել է Facebook-յան գրառմամբ:
Չիքովանին, սակայն, գրառման մեջ չի նշում իր հրաժարականի պատճառը. միայն գրել է, որ մնում է «Վրացական երազանք»-ի թիմի հավատարիմ անդամ։
«Ես որոշում եմ կայացրել հրաժարվել Բաթումիի քաղաքապետի պաշտոնից։ Քաղաքապետ լինելը մեծ պատիվ և կարևոր պատասխանատվություն է եղել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Բաթումիի բնակիչներին վստահության և աջակցության համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն թիմին, որի հետ տարիներ շարունակ աշխատել եմ մեր քաղաքի բարօրության համար։ Ուզում եմ հատուկ երախտագիտություն հայտնել «Վրացական երազանք»-ի մեծ ընտանիքին, և, իհարկե, ես մնում եմ այս թիմի հավատարիմ անդամը», — գրել է Չիքովանին։
Նշենք, որ օրերս Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ևս հրաժարական տվեց` կրկին Facebook-յան գրառմամբ։
Չիքովանին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ Նա 2020-2021 թվականներին զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնը։ Չիքովանին 2004-2005 թվականներին եղել է Աջարիայի դատախազության քննչական բաժնի պետի օգնական, իսկ 2005-2006 թվականներին՝ Աջարիայի ներքին գործերի վարչության Բաթումիի քաղաքային բաժնի ավագ քննիչ։