BBC-ն պատասխանել է «Վրացական երազանք»-ի դատական հայցին. այս տեղեկությունը միջազգային լրատվամիջոցը հաստատել է TV Pirveli հեռուստաընկերությանը:
«Բողոքների քննարկման հաստատված գործընթացի համաձայն հաստատում ենք, որ պատասխանել ենք հայցվորին՝ անդրադառնալով նրա հարցերին: Մենք պաշտպանում ենք BBC Eye-ի «Երբ ջուրն այրվում է. պայքար Վրաստանի համար» փաստավավերագրական ֆիլմում հրապարակված լրագրությունը և մեր անկախ հետաքննական աշխատանքը, որը վերաբերում էր Վրաստանի կառավարության արձագանքին Թբիլիսիի բողոքի ցույցերին», — նշել է BBC-ն TV Pirveli-ին ուղղված նամակում:
BBC-ից պատասխան ստանալու փաստը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է նաև խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի բրիտանական հեռարձակող կորպորացիային (BBC) բողոքով դիմել էր դեկտեմբերի 1-ին հրապարակված լրագրողական հետաքննության պատճառով:
Ըստ հետաքննության՝ 2024 թվականի բողոքի ցույցերը ցրելիս ոստիկանությունը կիրառել է վտանգավոր քիմիական նյութ՝ բրոմբենզիլ ցիանիդ, որը հայտնի է նաև «Կամիտ» անվամբ: