Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) առաջին մասնաշենքի մոտ երեկ մեկնարկել է բողոքի ակցիա, որը հետո տեղափոխվել է Տեխնիկական համալսարանի շենքի մոտ։
Ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվել «Վրացական երազանq»-ի հայտարարած այն մտադրությանը, ըստ որի` նախատեսվում է միավորել ԹՊՀ-ն և Վրաստանի տեխնիկական համալսարանը։
ԹՊՀ-ի առաջին մասնաշենքի մոտ հավաքվել էին երկու համալսարանների ուսանողները, նաև եվրոպամետ ցույցերի մասնակիցներ։ Նրանք պահանջել են հանդիպում ԹՊՀ-ի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ։
Ցուցարարները կոչ են արել իշխանություններին չանտեսել ուսանողների ու դասախոսների կամքը և հետ կանչել համալսարանների միավորման մասին նախաձեռնությունը։
«1918 թվականին այս համալսարանը (ԹՊՀ-ն — հեղ.) ստեղծվել է անկախության գաղափարով, և չնայած խորհրդային վարչակարգի օրոք անցած ծանր ժամանակաշրջանին, համալսարանը չէր հրաժարվում այդ գաղափարից՝ մինչև հիմա», — ակցիայի ժամանակ հայտարարել է մասնակիցներից մեկը՝ Քեթևան Խուսկիվաձեն։