Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ ցույց է ընթանում․ քաղաքացիները բողոքում են օգոստոսի 8-ի պատերազմի վերաբերյալ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ։ Ցույցի մասնակիցները վանկարկում են՝ «Ծուլուկիանի ստրուկ», «Կոբախիձե ստրուկ», «Ազատություն ռեժիմի գերիներին»։
Ցույցի մասնակիցները քննչական հանձնաժողովի նախագահ, «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեա Ծուլուկիանիին անվանում են «դավաճանության հանձնաժողովի» նախագահ։
«Ծուլուկիանին ասել է, որ պատերազմն սկսել է Վրաստանը։ Մենք պետք է շատանանք, որ մեր բողոքն արտահայտենք», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ըստ հանձնաժողովի եզրակացության՝ 2008-ի օգոստոսին վրացական բանակը հայտնվել է քաղաքական առաջնորդների հսկողության տակ, որոնց որոշումները պայմանավորված են եղել արտաքին ազդեցություններով, և անտեսվել է բանակի կարծիքը՝ վտանգելով ռազմական գործողությունները, այդ թվում` Ցխինվալիի վրա հարձակումը։