«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Վրաստանի վերաբերյալ Մարկո Ռուբիոյի առաջին հայտարարությանը:
Ռուբիոյի հայտարարության կապակցությամբ «Վրացական երազանք»-ի ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այս հարցի վերաբերյալ MEGOBARI Act-ի համահեղինակ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի` Ռուբիոյին ուղղված հարցի ձևակերպման վրա։
«Մեզ հայտնի Ջո Ուիլսոնի հարցը կառուցված էր ամբողջովին ապատեղեկատվական նարատիվի վրա, Վրաստանի վերաբերյալ հնչեցված յուրաքանչյուր նախադասություն կամ յուրաքանչյուր բառ լիովին ապատեղեկատվություն էր։ Հարցը բացարձակապես կտրված է իրականությունից, և նրա հնչեցրած ոչ մի դիրքորոշում չի համապատասխանում իրականությանը։ Հետևաբար, նախևառաջ մենք, հավանաբար, պետք է գնահատենք այն համատեքստը, որում Վրաստանի հարցը հիշատակվել է Կոնգրեսի լսումների ժամանակ», — «Ռուսթավի 2»-ի եթերում ասել է Բոճորիշվիլին:
«Վրացական երազանք»-ի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ռուբիոյի պատասխանի համաձայն՝ «Վրաստանի վերաբերյալ որևէ հաստատված դիրքորոշում չկա». «Երբ գնահատում ենք Ռուբիոյի պատասխանը, մենք պետք է նայենք ընդհանուր համատեքստին, թե ինչի մասին էր քննարկումը, ինչի վրա էր ընդհանուր շեշտադրումը։ Այսօրվա պատասխանից մենք կարող ենք միակ եզրակացությունն անել, որ Վրաստանի վերաբերյալ որևէ հաստատված դիրքորոշում չկա հենց այն համատեքստում, որտեղ զրույցը վերաբերում է ամերիկյան ազգային շահերին։ Լսումների և ոչ միայն լսումների ամբողջ առանցքն այսօր պտտվում է ամերիկյան ազգային շահերի և ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ»։