ԱՄՆ Կոնգրեսում MEGOBARI Act-ի ընդունումը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վրաստանյան InterPressNews-ին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Եվրահանձնաժողովից նշել են՝ Վրաստանի իշխանությունների ձեռնարկած գործողությունները մտահոգիչ են և չեն համապատասխանում այն ակնկալիքներին, ինչ ԵՄ կառույցները սպասում են թեկնածու երկրից։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին չեղյալ հայտարարել այն օրենսդրությունը, որն անհամատեղելի է Եվրոպական Միության արժեքների հետ։ Եվրամիությունն արձագանքել է՝ միջոցներ ձեռնարկելով Վրաստանի իշխանությունների դեմ և ամրապնդելով քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող աջակցությունը», — հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։
- Մայիսի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, երկկուսակցական աջակցությամբ քվեարկեց և ընդունեց MEGOBARI Act-ը։ Օրենքն ընդունելու համար բավարար էր 218 ձայն, սակայն փաստաթղթին կողմ էր արտահայտվել 349 կոնգրեսական, իսկ դեմ՝ 42-ը։ Սա 80 տոկոս աջակցություն է։
- Ներկայացուցիչների պալատից հետո հերթը Կոնգրեսի վերին պալատինը՝ Սենատինն է. նախքան օրինագիծը նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը հասնի, Սենատը նույնպես պետք է հաստատի։ Սենատն արդեն գրանցել է օրինագիծը: