Պայքարել իշխանության դեմ, նշանակում է պայքարել վրաց ժողովրդի դեմ. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Imedi հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, թե պայքարել իշխանության դեմ, նշանակում է պայքարել վրաց ժողովրդի դեմ։

Խորհրդարանի նախագահի խոսքով, հասարակությունը տեսնում է՝ որոշ ուկրաինացի և վրացի քաղաքական գործիչներ վարկաբեկող արշավ են սկսել Վրաստանի դեմ։

«Ի վերջո, մեղադրում են սեփական հայրենիքին, մեղադրում հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրվածներին, այս երկրի խորհրդարանի պատգամավորներին, սեփական հայրենիքին մեղադրում են հանցագործությունների և օկուպանտի (նկատի ունի Ռուսաստանը, խմբ․) հետ համագործակցության մեջ»,- ասել է Պապուաշվիլին։

Պապուաշվիլին հիշեցրել է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրվել է ժողովրդի կողմից.

«Այն, ինչ Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ, նույն մեթոդը կիրառում է Ուկրաինայի քաղաքական գործիչներից մեկը Վրաստանի դեմ։ Դա ժողովրդին ու իշխանությանը տարանջատելու ռուսական սովորական մեթոդ է։

Նա, ով չունի ժողովրդավարական մտածելակերպ, իսկապես փորձում է տարանջատել ժողովրդին և իշխանություններին»։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի խորհրդարանի «Սլուգա նարոդա» կուսակցության նախագահ Դավիթ Արախամիան TV Pirveli հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա պատժամիջոցների փաթեթում դիտարկվելու են Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի անձանց դեմ պատժամիջոցները։

Վրաստանը պետք է ազատվի Իվանիշվիլիի ազդեցությունից․ Արախամիա