Վրաստանից չկառավարվող Ցխինվալին հայտարարել է, որ Ժնևի միջազգային քննարկումների հաջորդ փուլում նախատեսում է կենտրոնանալ ուժի չկիրառման վերաբերյալ կոնկրետ փաստաթղթի շուրջ համաձայնության վրա։ Այս հայտարարությունն արել է Հարավային Օսիայի դե ֆակտո պատվիրակության ղեկավար, դե ֆակտո նախագահի պետական խորհրդական Կոնստանտին Կոչիևը՝ Ցխինվալիում միջազգային համանախագահների հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումը տեղի է ունեցել բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։
Ցխինվալիում հանդիպումից առաջ Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները հանդիպում են անցկացրել Թբիլիսիում։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է Ժնևի միջազգային բանակցությունների արդյունավետ գործունեության կարևորությունը։ Ուշադրությունը կենտրոնացվել է Ժնևի միջազգային բանակցությունների օրակարգի հիմնական հարցերի՝ 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրով Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտության և ներքին տեղահանված անձանց ու փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ առաջընթաց գրանցելու անհրաժեշտության վրա։