Դատարանը մեղավոր է ճանաչել Սաբա Սխվիտարիձեին

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել ցուցարար, «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ Սաբա Սխվիտարիձեին՝ ոստիկանին դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար և դատապարտել 2 տարի ազատազրկման։ Տեղեկությունը հրապարակել է դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ դատախազության՝ դատավարության ընթացքում հետազոտված ապացույցները հաստատել են, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում մեղադրյալը մի քանի անգամ հարվածել է ոստիկան Միրիան Քավթարաձեի գլխին բութ գործիքով:

«Դատարանն ուսումնասիրել է ապացույցները, այդ թվում՝ տեսանյութերը, ինչպես նաև հաշվի առել բոլոր այն բողոքները և իրավական հիմնավորումները, որոնք ներկայացրել էր պաշտպանող կողմը, և համապատասխանաբար կայացրել է որոշում»,— հայտարարել է դատավոր Ջվեբե Նաճկղեբիան:
Դատավորի բացատրությամբ, ակտիվիստին այս անգամ չեն տուգանել, քանի որ նախկինում նշանակված տուգանքը դեռևս վճարված չէ։

Նշենք. Սաբա Սխվիտարիձեն ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին. Սխվիտարիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ոստիկանին վնաս պատճառելը։ Հետագայում՝ դատավորը փոխել է գործի ընթացքն ու պատիժը ներկայացրել ըստ՝ Դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելու Հոդվածի:

Նշված հոդվածով իրագործած հանցանքը պատժվում է տուգանքով, վեց ամիս ուղղիչ աշխատանքով, վեց ամսից երկու տարի տնային կալանքով, կամ մեկից երեք տարի ազատազրկմամբ:

Սաբա Սխվիտարիձեն այս գործում ունի նաև տուժողի կարգավիճակ։ Նա նշում է, որ ձերբակալությունից հետո ոստիկանության կողմից ենթարկվել է  ֆիզիկական և հոգեբանական բռնության: