Չենք կառուցում հարաբերություններ մի գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին. ՀՀ արտգործնախարար

«Հայաստանի համար արտաքին քաղաքականության մեջ մշտապես էական է այն սկզբունքը, որ մենք չենք կառուցում հարաբերություններ՝ մեկ գործընկերոջ հետ՝ մյուս գործընկերոջ հաշվին»: Վիրահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր խոսքում ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Համադրելը մեր գերակա նպատակն ու ընտրությունն է: Մենք փնտրում ու գտնում ենք բանաձևեր, որպեսզի կարողանանք համադրել մեր գերակայություններն այնպես, որ մեր հարաբերությունները ստանան իրենց արտահայտությունը՝ խորացման, ընդլայնման, բարելավման»: 

Նախարարն ասաց, որ Հայաստանի պետականության ամրապնդումը, պետության կարողությունների զարգացումը ևս անվտանգության կարևորագույն օրակարգային հարցերից է:

«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն արտահայտությունն էր նրա, որ մեր ազգային անվտանգության գերակայություն է ժողովրդավարությունը, որտեղ մարդն ունի իր կարիքների, իր ձայնի, իրավունքների պաշտպանության, իր զարգացման ու բարեկեցության համար համապատասխան պայմաններ: Այս առումով ժողովրդավարությունն օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները մեզ համար հանդիսանում են կարևորագույն նախադրյալներ ու պետության ամրության երաշխիքը: Մեր կառավարությունը ցույց է տվել՝ որքան կարևոր է քաղաքական կամքը՝ այս հարցերում»:  

Ելույթից հետո նախարարը պատասխանեց  վիրահայերի հարցերին:

ՀՀ արտգործնախարարն իր ելույթում կարևորեց վիրահայ համայնքի հետ այս ձևաչափով իր հանդիպումը: Հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն եղավ Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Թբիլիսիում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: