Դատախազությունը մեղադրանք է առաջադրել յոթ անձի՝ կազմակերպված խմբով առանձնապես խոշոր չափերի առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների արտադրության և պահպանման, նաև ուրիշի ապրանքանիշի և գրանցված ֆիրմային անվանման ապօրինի օգտագործմամբ ապրանքների արտադրության համար։
Ըստ գերատեսչության՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները 2022 թվականին ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ՝ ապօրինաբար ֆինանսական օգուտ ստանալու նպատակով։
«Խմբի անդամների մտադրությունը ներառում էր առանձնապես խոշոր չափերով ակցիզային դրոշմանիշների ենթակա ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու պահպանումը և դրանց հետագա վաճառքի միջոցով նյութական օգուտ ստանալը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ դատախազության՝ կազմակերպված խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (արժեքային դրոշմանիշների ենթակա ակցիզային ապրանքների, հատկապես մեծ քանակությամբ, կազմակերպված խմբով առանց ակցիզային դրոշմանիշների բացթողում և պահպանում), նաև 196-րդ հոդվածի 3-րդ մասով (ուրիշի ապրանքանիշով և գրանցված ֆիրմային անվանմամբ ապօրինաբար նշված ապրանքների արտադրություն մեծ քանակությամբ), որը նախատեսում է 7-ից 10 տարի ազատազրկում։
Դատախազության հաղորդմամբ՝ օրենքով սահմանված ժամկետում դատարան կներկայացվի միջնորդություն՝ բոլոր յոթ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։