Վրաստանի գլխավոր դատախազությունն ակտիվիստ Մեգի Դիասամիձեին մեղադրանք է առաջադրել Կախա Կալաձեի նախընտրական երկու պաստառները վնասելու համար։ Պատճառած ընդհանուր վնասը կազմել է 380 լարի։
23-ամյա Մեգի (Իրմա) Դիասամիձեին մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է մինչև հինգ տարի ազատազրկում։
Սեպտեմբերի 10-ին Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ սեպտեմբերի 8-9-ը Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալվել է 3 անձ։ Նրանցից երկուսը մեղադրվում են խմբակային բռնության համար, իսկ մեկը՝ Մեգի Դիասամիձեն, ուրիշի գույքը վնասելու համար։
Հարկ է նշել, որ Կալաձեն ավելի վաղ անդրադարձել էր Դիասամիձեի գործին՝ նշելով, որ որոշումը կայացնելու է դատավորը, և առաջարկել էր սպասել որոշմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Կախա Կալաձեի նախընտրական պաստառը վնասելու համար Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել էր Մեգի Դիասամիձեին։ Ըստ ցուցարարների գրառումների` Դիասամիձեն սեպտեմբերի 9-ին Մելիքիշվիլիի պողոտայում` Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ, Կալաձեի նախընտրական պաստառի վրա գրել էր «ռուսական երազանք»։