Վրաստանի դատախազությունն արձագանքել է սպանված ուսուցիչ Գիգա Ավալիանիի ընտանիքի հայտարարությանը։ Դատախազությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Գիգա Ավալիանիի ընտանիքի անդամների հետ և նրանց ներկայացնել քննչական գործողությունների մանրամասները և դրանց հիման վրա կալանավորված անձանց գործողություններին իրավական որակում տալու հիմքերը։
«ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Գլդանի-Նաձալադևիի գլխավոր բաժնի վարած քրեական գործով ձերբակալվել և մեղադրանք է առաջադրվել չորս անչափահասի։ Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան), իսկ երեքին՝ 376-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը այն անձի կողմից, ով տեղյակ է, որ պատրաստվել և կատարվել է ծանր հանցագործություն)», — ասված է հայտարարության մեջ։
Ընտանիքը նախատեսում է բողոքի ակցիա անցկացնել դատախազության շենքի դիմաց հունվարի 8-ին և կոչ է անում հանրությանն աջակցել իրենց։
Սպանված ուսուցչի ընտանիքը պահանջում է, որ դատախազությունը շարունակի հետաքննությունը խմբային բռնության հոդվածով։