Պետության դպրոցների համար հաստատված դասագրքերն այս տարի կարժենան 13,4 միլիոն լարի: Գնումների գործակալությունն արդեն հայտարարել է համապատասխան երկու տենդերի մասին:
Մասնավորապես, մեկ տենդերով նախատեսվում է ձեռք բերել 7,4 միլիոն լարիի դպրոցական դասագրքեր (աշակերտի գրքեր և օժանդակ ուսումնական նյութեր), իսկ երկրորդով՝ 5,9 միլիոն լարիի դպրոցական աշխատանքային տետրեր:
Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է տպագրել տարբեր դասարանների և առարկաների 1 մլն 740 հազար 200 հատ դասագիրք և 2 մլն 249 հազար 919 հատ տետր:
Երկու տենդերների դեպքում էլ հայտերի ընդունումը կսկսվի մարտի 18-ին և կավարտվի մարտի 19-ին:
Մատակարարը պարտավոր է տպագրությունից հետո գրքերն ու տետրերը փուլ առ փուլ հասցնել կրթական ռեսուրս-կենտրոններ և Թբիլիսիի հանրակրթական դպրոցներ՝ 2026 թվականի հունիսի 20-ից օգոստոսի 1-ը:
Նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում նախորդ ամիս կատարված փոփոխությունների համաձայն՝ Կրթության նախարարությունը ստեղծելու է բոլոր առարկաների և դասարանների համար միասնական դասագրքեր, որոնք աշակերտներին կտրվեն անվճար՝ ժամանակավոր օգտագործման համար: Սակայն, ինչպես հայտարարել է կրթության նախարարը, այս գործընթացը կավարտվի 2028 թվականին:
Հարկ է նշել, որ պետությունը 2013 թվականից ի վեր ամեն տարի հանրակրթական դպրոցների աշակերտներին անվճար ապահովում է բոլոր առարկաների դասագրքերով: Այս որոշումն սկզբնապես կայացրել էր նախկին կրթության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին՝ որպես հիմնավորում նշելով աշակերտների ընտանիքների ֆինանսական բեռի թեթևացումը: