Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ոստիկանի նկատմամբ իրականացված խմբակային բռնության մեղադրանքով ձերբակալվել է Չոխատաուրիի ավագանու նախագահ Դավիթ Շարաշիձեն։
Նախարարության հաղորդմամբ՝ գործին մասնակից ևս երկու անձ այս պահին թաքնված են, և նրանց հայտնաբերելու ու ձերբակալելու նպատակով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 27-ին Օզուրգեթիի ռեստորաններից մեկում։ Քննության վարկածով՝ վիճաբանության հողի վրա Դավիթ Շարաշիձեն և նրա հետ գտնվող երկու քաղաքացիները խմբակային բռնություն են կիրառել մի ոստիկանի նկատմամբ, որը միջադեպի պահին ծառայողական պարտականություններ չէր կատարում։
Մեղադրյալները վնասվածքներ են հասցրել ոստիկանի դեմքի և մարմնի տարբեր հատվածներում։
Իրավապահները Դավիթ Շարաշիձեին ձերբակալել են դեպքից կարճ ժամանակ անց։
Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով` խմբակային բռնություն։
Շարաշիձեն Չոխատաուրիի նախկին քաղաքապետն է. նա սակրեբուլոյի նախագահ է ընտրվել 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո։