Ձերբակալվել է «Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամ Կախա Միքաիան

Այսօր ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործիչ, «Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամ, «Պաշտպանենք Վրաստանը» շարժման առաջնորդ Կախա Միքաիային։ Նրա որդին՝ Կոնստանտինե Միքաիան, նույնպես ձերբակալվել է։

Հայր և որդի Միքաիաներին ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում` տնից դուրս գալու պահին, մոտավորապես ժամը 16:20-ին։

Ձերբակալվածների ընտանիքի անդամ Նուցա Կասրաձեն Facebook-ի ուղիղ եթերում ասել է, որ ամբողջ օրը մի մեքենայից հսկել են Կախա Միքաիայի տունը, և հենց վերջինս դուրս է եկել տնից` կանգնեցրել են նրան։

Միքաիային կանգնեցրած անձնակազմի անդամները քաղաքացիական հագուստով են եղել և ոստիկանական նույնականացման նշաններ չեն կրել։

Տեսանյութում երևում է, որ մի քանի րոպեից ժամանում է ոստիկանության պարեկային մեքենան, որտեղ Միքաիան նստում է ոստիկանի պահանջով. նրան, հավանաբար, դատարան կտանեն։