Ձերբակալվել են բողոքի ցույցի բոլոր 5 առաջնորդները

Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է «Ռուսթավելիի պողոտա» շարժման բոլոր 5 առաջնորդներին, որոնք կազմակերպել էին նախօրեի ցույցը. նրանց թվում է՝ Պաատա Բուրճուլաձեն։ Նրան Հելսիկորիի կլինիկայից տարել է հատուկ նշանակության ջոկատը։

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն հաստատել է, որ Պաատա Բուրճուլաձեից բացի, ձերբակալվել են նաև Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն։

Հոկտեմբերի 4-ի հանրահավաքի կազմակերպիչները ձերբակալվել են «պետական ​​իշխանությունը տապալելու կոչեր անելու, նաև խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու» մեղադրանքով։

Մեղադրանքը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։

Նշենք, Թբիլիսիում ընտրություններին ու բողոքի ցույցին զուգահեռ՝ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. ՆԳՆ-ն պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառել ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ, նրանց թվում՝ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն: Կան նաև բերման ենթարկվածներ:

Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ. այդ ընթացքում Ռուսթավելիի պողոտայում ցույցը խաղաղ շարունակվում էր: