Թբիլիսիում մետրոյի 8 նոր կայարան կկառուցվի. Կալաձե

«Թբիլիսիում մետրոյի մոտ 8 նոր կայարան կկառուցվի, ինչպես նաև Սամգորի կայարանից օդանավակայանի ուղղությամբ վերգետնյա մետրո կգործի»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Քաղաքապետը նաև գնահատել է վարչապետ Մամուկա Բախտաձեի տարեկան զեկույցը և նշել, որ այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերը կարևոր են:

«Շատ կարևոր են այն բոլոր ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել այս տարվա ընթացքում։ Չկա ոլորտ, որին վարչապետը չի անդրադարձել: Իհարկե, որևէ մեկը դրանով չի բավարարվում, երկրում շատ մարտահրավերներ կան, խնդիրներ, որոնք արժանի պատասխանի կարիք ունեն: Վարչապետը նաև խոսել է ենթակառուցվածքների մասին, որոնցից ամենակարևորը վերգետնյա մետրոն է՝ Լիլո թաղամասի ուղղությամբ: Մետրոյի մոտ 8 կայարան կկառուցվի, ինչպես նաև ուղևորները հնարավորություն կունենան Սամգորիից վերգետնյա մետրոյով տեղափոխվել օդանավակայան: Ծրագրի մոտավոր արժեքն 80 միլիոն է: Առաջիկա օրերին տենդեր կհայտարարվի և մինչև տարեվերջ հստակ տեղեկատվություն կունենանք ու կսկսենք իրականացնել ծրագիրը»,- հայտարարել է Կալաձեն:

Նշենք, որ այս պահին Թբիլիսիում առկա է մետրոյի 23 կայարան։