Արևմտյան Վրաստանի տարածաշրջանային դատախազությունը, ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով, ձերբակալել է Լենտեխիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Գիա Օնիանիին և քաղաքապետարանի գործող բարձրաստիճան երկու պաշտոնյայի։
Ձերբակալվածների թվում են ճարտարապետության ծառայության ղեկավար Նուգզար Տվիլդիանին և վերահսկողության ծառայության պետ Գիորգի Գուլբանին։
Քննության վարկածով՝ գործը վերաբերում է նախկին քաղաքապետի մասնավոր բիզնես շահերի օգտին օրենքի խախտմամբ տրված շինարարության թույլտվություններին և հովանավորչությանը։
Քննությամբ պարզվել է, որ Գիա Օնիանին, քաղաքապետ ընտրվելուց հետո, հյուրանոց կառուցելու համար հողամաս է գնել և պատվիրել նախագիծ, որը չէր համապատասխանում գործող շինարարական գործակիցներին և նորմերին։
Դատախազության հայտարարության համաձայն՝
- Օնիանին իր կնոջ անունով գրանցված ընկերության միջոցով թույլտվության համար դիմել է քաղաքապետարանի ճարտարապետության ծառայություն
- Ճարտարապետության ծառայության պետ Նուգզար Տվիլդիանին և հենց ինքը՝ քաղաքապետը, շրջանցել են «Կառուցապատման կարգավորման հիմնական դրույթները» և Շինարարական օրենսգիրքը
- Թույլտվությունը տրվել է առանց հարցը Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության հետ համաձայնեցնելու, չնայած այն հանգամանքին, որ շինարարության վայրում գտնվում էր մշակութային ժառանգության հուշարձան։