Մանկապարտեզի խնդիրն Ախալքալաքի գյուղերում

Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերում երեխաները երազում են մանկապարտեզ հաճախելու մասին։

Հիշյալ խնդիրը նկատելի է ճանապարհով մեկ գծի վրա գտնվող Խավեթ, Էրինջա և Դաբնիա գյուղերում, որտեղ ավելի քան 25 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։

Նշված գյուղերի երեխաները ստիպված մեծանում են ցեխից թխվածքաբլիթներ, աթարից էլ տնակներ պատրաստելով՝ սպասելով, թե երբ կդառնան յոթ տարեկան, որպեսզի հաճախեն դպրոց․ հիշյալ գյուղերում չկա նաև խաղահրապարակ։   

«Ալիք Մեդիան» զրուցել է ծնողների հետ, նրանց խոսքով պետությունը և քաղաքապետարանը մոռացել են այս գյուղերի, այնտեղ ապրողների, եկող սերնդի մասին։ Նրանք նշում են, որ երիտասարդները մեկնում են մեծ քաղաքներ սովորելու, շատերը այլևս չեն վերադառնում, բայց այս փոքրիկները ստիպված են սպասել երազելով, որ մի օր էլ իրենք կկարողանան իրենց օրերը հետաքրքիր ու սիրով անցկացնել։

«Մենք դիմել ենք քաղաքապետարանին այս հարցով, սակայն հստակ պատասխան չենք ստացել։ Խնդրել ենք նաև, որ գոնե ավտոբուս հատկացնեն, որպեսզի երեխաներին կարողանանք Սուլդայի կամ Կարծախի մանկապարտեզ տանել, սակայն մինչև հիմա ապրում ենք սպասման հույսով», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Խավեթ գյուղի բնակիչներից մեկը։

Դաբնիա գյուղի բնակիչ, երեք երեխաների մայրը նշում է, որ փորձում են երեխաների առօրյան ավելի հետաքրքրիր դարձնել, սակայն գյուղում անգամ խաղահրապարակ չունեն․ «Իմ ավագ դուստրը տեղափոխվեց երկրորդ դասարան, երազում էինք, որ մանկապարտեզ հաճախեր, հետո նոր դպրոց։ Կրտսեր դուստրս առաջին դասարանում է սովորում, հույս ունեինք, որ գոնե նա կհաճախի մանկապարտեզ․․․տղաս 4 տարեկան է, ապրում ենք էլի հույսով, որ գոնե նա մեկ տարի կհաճախի մանկապարտեզ»։

«Ալիք Մեդիան» զրուցել է նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ, վերջինս խնդրի լուծման տարբերակ է առաջարկել։

«Հարցի ուղղությամբ այսօր աշխատանքներ տարվում են, սակայն եթե գյուղացիներն ունեն ցանկություն, համապատասխան դիմումներով, փաստելով երեխաների քանակը, կարող են դիմել քաղաքապետարանին։ Մենք կարող ենք հատկացնել տրանսպորտ, որպեսզի երեխաները հարակից ամենամոտ մանկապարտեզը հաճախեն», — ասում է նա։

Ախալքալաքի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բյուջեից նախադպրոցական հաստատությունների վերականգնման ու կառուցման համար հատկացվել է 53,5 հազար լարի։ Նշված գումարն ուղղվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղի մանկապարտեզի վերականգնմանը։ 

2024 թվականի բյուջեում, ինչպես և նախորդ տարիներին, Ախալքալաքի հեռավոր գյուղերում՝ Խավեթում, Դաբնիայում, Էրինջայում և Մյասնիկյանում մանկապարտեզների կառուցում չի նախատեսվում։ Ինչպես երևում է Դաբնիա գյուղի 3 երեխաների երիտասարդ մոր երազանքը, որ գոնե իր կրտսեր երեխան մանկապարտեզ կհաճախի, այս տարի նույնպես չի իրականանա։

«Ալիք Մեդիան» կշարունակի ուշադրության կենտրոնում պահել հարցը՝ հետագայում թարմացված տեղեկատվության առկայության դեպքում վերստին անդրադառնալով խնդրին։