Իրականացված խոստում. Խոժոռնի-Մառնեուլի երթուղում տրանսպորտ է գործարկվել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղի հասարակական տրանսպորտի խնդիրը լուծվել է:

2022 թվականի հոկտեմբերի 7-ին Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյում (քաղաքային խորհրդում) Խոժոռնի գյուղը ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Խոժոռնին շուտով հասարակական տրանսպորտ կունենա։

«Շուտով քաղաքային ավտոբուս էլ կունենանք ու դեռ շատ բան ենք ունենալու, համոզված եղեք»,- գրել էր Հախվերդյանը:

2022 թվականի հոկտեմբերի 15-ին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, այնուհետև՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին «Ալիք Մեդիա»-ի ուղիղ եթերում Հախվերդյանը ևս մեկ անգամ հաստատել էր, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղը 2023 թվականի հունվարից նոր հասարակական տրանսպորտ կունենա: 

Նա ասել էր, որ տրանսպորտը կհատկացնի քաղաքապետարանը, որը Խոժոռնիից կահասնի Մառնեուլի, ինչպես նաև կանցնի Գյուլիբաղ, Ծոփի, Մոլաօղլի և Սադախլո գյուղերով։ Սակրեբուլոյի պատգամավորը խոստացել էր, որ Խոժոռնի-Մառնեուլի երթուղով տրանսպորտը բնակչությանը կսպասարկի օրական երկու անգամ։

Խոստումը ուշ կատարվեց, 2023 թվականի հունվարի փոխարեն հասարակական տրանսպորտը գործարկվեց 2024 թվականի հունվարից: «Ալիք մեդիա»-ն պարզել է, որ տրանսպորտը սկսել է աշխատել ամանորյա տոներից հետո և այժմ Խոժոռնի-Մառնեուլի երթուղով երթևեկում է օրական երկու անգամ:

Հետաքրքիր է, որ մինչ այժմ վերը նշված գյուղերից տրանսպորտ աշխատում էր, բայց այն մասնավոր էր և Մառնեուլի էր երթևեկում օրը մեկ անգամ, ինչը խնդիր էր ստեղծում կենտրոնում աշխատողների, ինչպես նաև աշակերտների/ուսանողների համար։

«Ալիք Մեդիա»-ի հարցին, թե ինչու է ձգձգվել տրանսպորտի գործարկումը, Հախվերդյանը պատասխանեց, որ պատճառը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական տրանսպորտի բացակայությունն էր:

Լուսանկարներից երևում է, որ ավտոբուսը նոր չէ, թեև Հախվերդյանը խոստանում է, որ իր ջանքերը կուղղի առաջիկայում այն ​​նորով փոխարինելու ուղղությամբ: Այս դեպքում՝ Մառնեուլիի քաղաքապետարանը տրանսպորտը հատկացրել է իր ենթակայության տակ եղած ավտոբուսներից, նոր ավտոբուս գնելու մրցույթ չի հայտարարել: 

Նշենք, որ չնայած ուշացումով, բայց Խոժոռնիին տրված խոստումը կատարվեց. տրանսպորտն իսկապես հատկացվել է։ Այնուամենայնիվ, փաստ է, որ տրանսպորտը հին է և թարմացման կարիք ունի, ինչը չի հերքում նաև պատգամավորը: 

«Ալիք Մեդիա»-ն կշարունակի հետևել խոստման կատարմանը՝ հետագայում փորձելով ընթերցողներին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։