Վարչապետն իր ծնողներից 180 հազար լարի է նվեր ստացել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ծնողներից 2022 թվականին ընդհանուր առմամբ 180 հազար լարի է նվեր ստացել։ Այս մասին նշված է վարչապետի հայտարարության մեջ, որը նա ներկայացրել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին։

Ի դեպ, Ղարիբաշվիլին 2021 թվականին ևս ծնողներից խոշոր դրամական նվեր է ստացել՝ 150 հազար լարիի չափով։ Իսկ 2023 թվականին, ըստ կառավարության հաղորդագրության՝ վարչապետի հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, ֆինանսավորել է վարչապետի և վարչապետի որդու չարտերային թռիչքը Մյունխեն՝ կառավարական ինքնաթիռով։

Ըստ նույն հայտարարագրի՝ վարչապետի եկամուտը 2022 թվականին, ծնողների նվիրած գումարից բացի, կազմել է 41 հազար 004 լարի. սա նրա աշխատավարձն է։

Ղարիբաշվիլին ուներ 40 հազար լարի կանխիկ խնայողություն, իսկ «Քարթու բանկի» հաշիվներին՝ ընդհանուր առմամբ 5603 լարի, 10 հազար 977 դոլար և 7586 եվրո։ Նրա կինը՝ Նունուկա Թամազաշվիլին, ունի մոտ 3626 լարի և 77 դոլար։ Թամազաշվիլին «Քարթու բանկում» ունի և՛ բացասական հաշվեկշռի հաշիվ, և՛ պարտավորություն՝ 96 հազար 578 լարիի չափով։

Վարչապետի և նրա կնոջ ընդհանուր ծախսերը կազմել են մոտավորապես 64 հազար 561 լարի և 8868 դոլար։