Խոժոռնի գյուղը նոր հասարակական տրանսպորտ կունենա

Մառնեուլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված, վրաց-հայկական սահմանին գտնվող Խոժոռնի գյուղը նոր հասարակական տրանսպորտ կունենա:

Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ նոր, պետական տրանսպորտը, որ տրամադրում է քաղաքապետարանը, կգործի արդեն հունվարից:

«Այն նոր փոխադրամիջոցներից չէ, այլ վերանորոգված է. Մառնեուլիում նախկին գործող դեղին ավտոբուսներից է, որը կգործի ժամանակավոր, մինչև որ քաղաքապետարանը նոր կանաչ ավտոբուսներից կգնի»,- ասում է Հախվերդյանը:

Պատգամավորի պնդմամբ, հասարակական ևս մեկ տրանսպորտի առկայությունը կբարելավի ինչպես Խոժոռնիի, այնպես էլ Գյուլիբաղի, Ծոփի, ինչու ոչ՝ նաև այլ հարևան գյուղերի բնակիչների կյանքը, որոնք գտնվում են Խոժոռնի-Մառնեուլի երթուղու վրա:

Հախվերդյանն ընդգծում է՝ Խոժոռնիից և այլ գյուղերից բավականին ուսանողներ կան, որ սովորում են Մառնեուլիի քոլեջներում. նրանց համար այս հասարակական տրանսպորտը կենսական նշանակություն ունի այժմ:

«Նոր հասարակական տրանսպորտն օրական երկու անգամ կերթևեկի Խոժոռնի-Մառնեուլի ուղղությամբ. ժամերն արդեն կպայմանավորվենք բնակչության հետ միասին», — ասում է Հախվերդյանը:

Մառնեուլիի սակրեբուլոյում Խոժոռնիի ներկայացուցիչը նշում է, որ այն կսպասարկի գործող մասնավոր տրանսպորտի կես գնով:

Հարկ է նշել, որ այս պահին Խոժոռնի-Մառնեուլի երթուղին սպասարկում է երեք մասնավոր հասարակական տրանսպորտ: