Արդարադատության նախարարությունը՝ Սաակաշվիլիի բուժման խնդրով օտարերկրյա բժիշկների ներգրավման մասին

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի բուժման գործընթացում օտարերկրյա բժիշկների ներգրավման խնդրի առնչությամբ։

Հաղորդագրության համաձայն, արդարադատության նախարարությունը 2022 թվականի նոյեմբերի 29-ին «դատապարտյալ Սաակաշվիլիին առաջարկել է բուժման գործընթացում օտարերկրյա բժիշկների ներգրավելու հնարավորություն»։

«Առաջարկը ենթադրում է, որ Հատուկ քրեակատարողական ծառայությունը դեմ չի լինի, որ դատապարտյալի կամ նրա ընտանիքի կողմից ուղղակիորեն հրավիրված օտարերկրյա բժիշկը` Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պայմանների բավարար լինելու դեպքում, մասնակցի նրա բուժմանը Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում, որտեղ դատապարտված Սաակաշվիլին ներկայումս գտնվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Մինչ այդ Իոսելիանին հայտարարել էր, որ Սաակաշվիլիի ցանկության դեպքում պատրաստ է հանդիպել նրան:

ՔԿԾ-ն տուգանվել է Սաակաշվիլիի մասին պատմող տեսանյութեր տարածելու համար