«Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը շարունակում է «քաղաքական բոյկոտը»

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իրենք շարունակում են «քաղաքական բոյկոտը», և «մանդատային հարցերի շուրջ իրավիճակը, որն արդեն բազմիցս քննարկվել է, չի փոխվել»։

Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաընկերությունը խորհրդարանին ուղղված կուսակցության անդամների նամակների հիման վրա տարածել էր իր տրամադրության տակ գտնվող տեղեկություն, ըստ որի` Գախարիայի կուսակցության անդամները, որոնց պատգամավորական լիազորությունները սեպտեմբերի սկզբին ճանաչել է վիճարկվող խորհրդարանը, «դադարեցնում են բոյկոտը»։

«Իմեդի»-ի տարածած տեղեկությանն ի պատասխան՝ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչ Բերդիա Սիճինավան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս խորհրդարանի լեգիտիմության առումով մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»։