Բարեփոխիչ Սաակաշվիլին տառապում է բանտում. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթը «Ժամանակին բարեփոխիչ ճանաչված Միխեիլ Սաակաշվիլին տառապում է բանտում» վերնագրով խմբագրական է հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։

Ըստ խմբագրականի` ժամանակն է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահանջի Սաակաշվիլիի ազատ արձակումը։

«Մի անգամ պարոն Սաակաշվիլին Վրաստանում հանդիպման ժամանակ Բայդենի հետ «իմ սիրելի ընկեր» դիմելաձևով է խոսել։ Այժմ ժամանակն է, որ պարոն Բայդենը պատշաճ կերպով արձագանքի և պահանջի Սաակաշվիլիին ազատ արձակել։ Պարոն Սաակաշվիլիին պետք է հնարավորություն տրվի բժշկական օգնություն ստանալ արտերկրում։

Եթե ​​նա վախճանվի բանտում, ամենայն հավանականությամբ` դա նաև Եվրոպայի հետ վերամիավորվելու Վրաստանի նպատակի բացառման ազդանշան կլինի, նաև` պարոն Պուտինի հաղթանակը, և Վրաստանի 3,7 միլիոնանոց բնակչությունը դեռ երկար տարիներ կմնա ավտորիտար կառավարման ներքո»,- գրել է թերթը:

Ըստ The Washington Post-ի` Սաակաշվիլին խարիզմատիկ գործիչ է, հաճախ անհանդուրժող է քննադատության նկատմամբ, սակայն, ինչպես նշված է թերթի խմբագրականում, Սաակաշվիլին և մի խումբ բարեփոխիչներ կարողացան արդիականացնել տնտեսությունը, զգալիորեն նվազեցնել կոռուպցիան և ներգրավել միլիարդավոր օտարերկրյա ներդրումներ:

Ամերիկյան թերթը գրել է, որ Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր- խմբ.) կառավարությունը հակված է դեպի Պուտինը, և վրացական քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարությունը հետընթաց են ապրել։