Խոսել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան տարանցիկ միջանցքների կարևորության մասին

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հրավերով Վրաստանում են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներն ու պատվիրակության այլ անդամներ։

Այցի առաջին օրը կայացել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան եռակողմ հանդիպումը։ Նիստը բացել է Սամխարաձեն` իր խոսքում արծարծելով այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և դրա հետևանքները գլոբալ ու տարածաշրջանային մակարդակներում, Հարավային Կովկասի համար նոր հնարավորություններն ու եռակողմ օրենսդրական ձևաչափի արդյունավետ օգտագործման ուղիները։

Սամխարաձեն ընդգծել է ապաօկուպացիայի կարևորությունը և շնորհակալություն հայտնել իր թուրք և ադրբեջանցի գործընկերներին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Սամխարաձեն խոսել է տարածաշրջանում տարանցիկ միջանցքների կարևորության մասին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, հարավային գազային միջանցք, միջին միջանցք և Սև ծովի սուզանավային մալուխային նախագիծ։

Նշենք, որ այս ձևաչափի հանդիպումն անցկացվում է ամեն տարի և օրենսդրական մակարդակով ներկայացնում է երեք երկրների միջև մի կարևոր հարթակ, որտեղ կողմերը հնարավորություն ունեն քննարկելու տարածաշրջանում ընթացող գործընթացները, եռակողմ ռազմավարական գործընկերության կարևոր ասպեկտները և համագործակցության հետագա քայլերը։