«Կամայական նվեր Ռուսաստանին». Հելսինկյան հանձնաժողով

Գնահատելով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման հեղինակած «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը` Հելսինկյան հանձնաժողովը դրանք անվանել է «կամայական նվեր Ռուսաստանին»:

Խոսքը «օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական նույնատիպ օրենքի մասին է, որը, ինչպես վկայում են Եվրամիության բազմաթիվ հայտարարությունները, հակասում է թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող 12 առաջարկություններին։

«Օտարերկրյա գործակալների մասին ներկայացված օրենքը հարձակում է երկրի թուլացած ժողովրդավարության վրա, դա կամայական նվեր է Ռուսաստանին և ուղղակի մարտահրավեր Վրաստանի քաղաքացիների եվրատլանտյան ուժեղ ընտրությանը։ Դա ոչնչով նման չէ FARA-ին (ամերիկյան օրենք- խմբ.)»,- գրել է Հելսինկյան հանձնաժողովը:

Տարածված հայտարարության մեջ հանձնաժողովը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն արժևորում է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը, սակայն այդ օրինագիծը նպատակ ունի թուլացնելու այդ հարաբերությունները:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին, առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: