«Ռուսական օրենք է». ԱՄՆ դեսպանը՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը քննադատել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման՝ Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագիծը։

Դեգնանի խոսքով, այս օրենքի նախագիծը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի օրենքին է նման: Դեգնանն ընդգծել է, որ այս օրենքի նախագիծը չի ծառայում Վրաստանում թափանցիկության բարելավմանը, քանի որ Վրաստանում միջազգային դոնորները պարբերաբար մանրամասն հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության մասին։

Դեգնանը որպես օրինակ բերել է ամերիկյան USAID-ին և բացատրել, որ այս կազմակերպությունը 3 ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում խորհրդարան. «Թափանցիկության խնդիր իսկապես չկա, քանի որ այս տեղեկատվությունը հասանելի է տարբեր կայքերում»:

Անդրադառնալով ամերիկյան օրենքի և «Ժողովրդի ուժը» շարժման օրինագծի հիմնական տարբերությանը, Դեգնանն ասել է.

«Այս օրինագիծը հիմնված չէ ամերիկյան օրենսդրության վրա։ Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA) ԱՄՆ-ում վերաբերում է լոբբիստներին, իրավաբանական ընկերություններին, որոնք վարձվում են օտարերկրյա կառավարությունների կողմից՝ ներկայացնելու այդ օտար երկրների քաղաքական շահերը: Ըստ այդմ, սա ոչ թե ամերիկյան, այլ ռուսական օրենք է, որի նպատակն է խարանել քաղաքացիական կազմակերպություններին, լռեցնել այլախոհ կարծիքները և միևնույն ժամանակ խոչընդոտել Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր փորձում են օգնել իրենց համաքաղաքացիներին»,- ասել է դեսպանը:

Ըստ դեսպանի, եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա բարդություն կստեղծի այն կազմակերպությունների համար, որոնք աշխատում են մարդու իրավունքների, կրթության, զբոսաշրջության կամ այլ ոլորտներում:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրացական տարբերակը նման է ռուսականին. Միքելաձե