Պաշտպանում ենք Վրաստանի եվրոպական ուղին. «Դինամո Թբիլիսի»

«Դինամո Թբիլիսին» խորհրդարանում ռուսական օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ պաշտպանում է Վրաստանի եվրոպական ուղին։

«Դինամո Թբիլիսին» հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելը պետք է լինի Վրաստանի գլխավոր նպատակներից մեկը, և այդ ճանապարհը չպետք է վերանայման ենթարկվի:

«Մեր ակումբը՝ «Դինամոյի» մեծ ընտանիքը, աջակցում է Վրաստանի եվրոպական ուղուն, և այդ ընթացքը վտանգող ցանկացած նախաձեռնություն սպառնալիք է համարում:

Ինչպես մեր ֆուտբոլը, այնպես էլ մեր երկիրն առավել զարգացման կարիք ունի, և Վրաստանի բնակչության մեծ մասը բազմիցս հայտարարել է, որ այդ զարգացման միջոցները տեսնում է միայն եվրոպական ընտանիքի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին, առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: