Վրացական կողմում Լարսը հատելու առումով հայկական բեռնատարները խնդիր չեն ունեցել․ ֆիննախ

Նախօրեին մեդիահարթակում տեղեկություն տարածվեց, թե Հայաստանից ջերմոցային վարդեր արտահանող «Ռոզ Ֆիլդ» ընկերության բեռնատարներն արդեն հինգերորդ օրն է Լարսի անցակետում են և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։

Հարցի շուրջ «Ալիք Մեդիա»-ն կապ հաստատեց Վրաստանի ֆինանսների նախարարության հետ, որտեղից փոխանցեցին, որ Լարսում հերթեր կան, սակայն ոչ միայն հայկական, նաև այլ բեռնատարներ են կանգնած` այլ երկրների պետհամարանիշներով։

«Մեր կողմում, վրացական կողմում նման խնդիր չի գրանցվել, Ռուսաստանը նման սահմանափակում այս պահին կիրառում է, թե` ոչ, չենք կարող ասել։ Սահմանին հերթերի մեջ կանգնած են և՛ հայկական, և՛ այլ երկրների մեքենաներ»։

Նշենք, որ տեղեկության համաձայն՝ անցակետում և Լարսի ճանապարհին հայկական արտադրության պահածոներով, պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկնեղենով և սննդամթերքի այլ տեսակներով բեռնված  բեռնատարները խիստ ֆիտոսանիտարական վերահսկողություն են անցնում։ Մի մասին մերժում են և թույլ չեն տալիս անցնել սահմանը՝ պատճառաբանելով, որ վերահսկողության հետևանքով ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ են հայտնաբերվել, մի մասին էլ հայտնում են, որ դեռ ստուգումներ են անում և սպասեցնում են անհայտ ժամանակով», — գրում է «Հետք»-ը և հավելում, որ արտահանողները «Հետք»-ի հետ զրույցներում պնդում են, որ դա ռուսական կողմի քաղաքական որոշումն է։