Քութաիսիի միջազգային համալսարանի ռեկտոր Գիա Խուբուան հրաժարական է տվել: Այս տեղեկությունը նա հայտնել է իր անձնական Facebook-յան էջում։
Խուբուան, որ անցյալ ամռանը նշանակվել էր «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած համալսարանի ռեկտոր, հրաժարականի պատճառ է նշում անձնական ծրագրերը՝ ավելի շատ ժամանակ հատկացնել ակադեմիական և գիտական գործունեությանը։
Ռեկտորի պաշտոնից հրաժարվելու մասին տեքստում նա այլևս չի հիշատակում ո՛չ համալսարանի հիմնադրին, ո՛չ «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչներին, որոնց շնորհակալություն էր հայտնել 9 ամիս առաջ ռեկտոր նշանակվելուց հետո։
Պրոֆեսոր Խուբուան իրավագիտության դոկտոր է։ 2007-2010 թվականներին Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորն էր։ Խուբուան անսպասելիորեն լքել էր ԹՊՀ ռեկտորի պաշտոնն անձնական դիմումի հիման վրա։ Նա այս որոշման պատճառ է նշել իր ակադեմիական կարիերայի հետ կապված անձնական ծրագրերը։
2010 թվականին ԹՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա երկու տարի՝ մինչև 2012 թվականը, աշխատել է Գերմանիայի Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանում, իսկ 2012-2013 թվականներին դասախոսություններ է կարդացել Բամբերգի համալսարանում։ 2013 թվականին Գերմանա-վրացական պետական կառավարման ինստիտուտի ակադեմիական տնօրենն էր։ Հետագայում նա Մյունխենի տեխնիկական համալսարանի «Էներգետիկա և աշխարհաքաղաքականություն» ամբիոնի ակադեմիական ղեկավարն էր։