Գլդանիի 8-րդ քրեակատարողական հիմնարկի նախկին տնօրեն Ալեքսանդրե Մուխաձեն դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ Դատավճռի մասին հաղորդագրությունը հրապարակել է Դատախազության մամուլի ծառայությունը:
Հետաքննության տվյալներով՝ 2011 թվականի մայիսին Ալեքսանդրե Մուխաձեն և իր գործընկեր Մեգիս Քարդավան ձերբակալված քաղաքացուն սպառնացել են բռնաբարությամբ, որպեսզի նա խոստովանի գոյություն չունեցող ահաբեկչական գործողություններին մասնակցելու մասին և տրամադրի այդ հանցավոր գործունեությանը մասնակցող այլ անձանց անունները։
«Երբ ձերբակալված քաղաքացին հրաժարվել է խոստովանել, նրան ստիպել են նայել, թե ինչպես է բռնության ենթարկվում մեկ այլ բանտարկյալ և սպառնացել են, որ եթե չտա ցանկալի խոստովանությունը, ապա իրեն նույնպես կբռնաբարեն», — ասված է դատախազության հայտարարության մեջ։