Վրաստանում ավելի քան կես միլիոն մարդ սոցիալական նպաստ է ստանում

Վերջին 1 տարվա ընթացքում Վրաստանում կենսապահովման նպաստի շահառուների թիվն աճել է 83 հազար շահառուով: 2021 թվականի մարտ ամսվա դրությամբ երկրում նպաստ է ստանում 541 767 քաղաքացի: Սոցիալական ծառայության գործակալության տվյալներով, ընդհանուր առմամբ, 151 հազար ընտանիք ստանում է կենսապահովման նպաստ, իսկ այդ ընտանիքներում բնակիչների թիվը կազմում է Վրաստանի բնակչության 14,5% -ը:

Սոցիալական օգնություն ստացողների թիվը երկրում հատկապես արագ տեմպերով աճել է COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի արդյունքում:

Սոցիալական ծառայության գործակալության վիճակագրության համաձայն, մարտ ամսվա ընթացքում որպես սոցիալական նպաստ ընդհանուր առմամբ բաշխվել է 30,15 մլն լարի, ինչը յուրաքանչյուր շահառուի համար ամսական կազմում է 56 լարի:

Վրաստանում բացարձակ և հարաբերական աղքատության վիճակագրությունը հաշվարկում է Geostat-ը: Չնայած որ գործակալությունը դեռ չի հրապարակել աղքատության վերաբերյալ զեկույցը 2020 թվականին, այնուամենայնիվ, հավանական է, որ COVID-19 ճգնաժամի արդյունքում երկրում աղքատությունն աճում է ռեկորդային տեմպերով:

2019 թվականի դրությամբ Վրաստանի բնակչության 20.1% -ը ապրում էր հարաբերական աղքատության շեմից ցածր: Համաշխարհային բանկի տվյալներով՝ համաճարակային ճգնաժամի արդյունքում Վրաստանում աղքատության մակարդակն աճել է 5% -ով: