Նախագահը 5 անձի համաներում է շնորհել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Ծնունդի նախաշեմին 5 անձի համաներում է շնորհել: Այս մասին նախագահը հայտարարել է նստավայրում անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում:

Համաներում, սակայն, չի շնորհվել դեկանոզ Գիորգի Մամալաձեին, որը պատիժ է կրում այսպես կոչված Ցիանիդի գործով: Նախագահի խոսքով, հանրությունը չէր կարողանա հասկանալ «նման ծանր հանցագործություն» իրականացրած անձին համաներում շնորհելը:

Նախագահն ասել է. «Ինձ համար պարզից էլ պարզ է, որ երբ Վրաստանի պետությունը բազում մարտահրավերների առջև է կանգնած, պատրիարքի հեղինակությունը և նրա կյանքի անվտանգությունն ապահովելը հավասար է պետության անվտանգության ապահովմանը»:

Հիշեցնենք` Մամալաձեին ներում շնորհելու հարցը բարձրացվել էր Սինոդի ժողովի ընթացքում, ուղղափառ եկեղեցին ակնկալում էր, որ նախագահը Մամալաձեին ներում կշնորհի:

Հարցին արձագանքել են նաև քաղաքական գործիչները: Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի կարծիքով «ներելը եկեղեցու գործն է: Մամալաձեն սովորական քաղաքացի է, ոչնչով չի տարբերվում այլ բանտարկյալներից, հետևաբար՝ նրան ներում շնորհել կամ չշնորհելը նախագահի որոշումն է»: Վոլսկին կոչ է արել չորակել նախագահի որոշումը «եկեղեցու դեմ պետության պայքար»: