Վրաստանի ԱԳՆ-ն աջակցում է հակամարտող կողմերի համաձայնությանը

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն է հրապարակել, որում ընդգծում է՝  «Վրաստանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կապված կրակի դադարեցման հետ, կնպաստի հակամարտության լուծման լիամասշտաբ գործընթացին»:

«Վրաստանն աջակցում է երկու կողմի միջև երկխոսությանը: Միաժամանակ, մենք միջազգային հանրության հետ մեկտեղ խաղաղարար գործընթացի իրականացմանը նպաստելու պատրաստակամություն ենք հայտնում:

Վստահ ենք, որ միջազգային հանրության ակտիվ ներուժը և բազմակողմանի միջազգային մեխանիզմների ուժի մեջ մտնելը արդյունք կտա երկարաժամկետ խաղաղության հիմք դնելու համար, ինչը նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար»,- նշված է հայտարարության մեջ: