«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) արձագանքել է TV Pirveli-ի նկարահանող խմբի նկատմամբ կատարված բռնությանը։
«Tv Pirveli հեռուստաընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ Քվեմո Քարթլիի նախկին առաջին փոխնահանգապետ Գիորգի Շինջիկաշվիլիի հայրը հարձակում է գործել հեռուստաընկերության լրագրող Մարիամ Մակասարաշվիլիի վրա և գողացել լրագրողի տեսախցիկն ու TV Pirveli-ին պատկանող բջջային հեռախոսը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ասոցիացիայի, միջադեպը հաստատում է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի աճը, որին անմիջականորեն նպաստում է համապատասխան քննչական մարմինների անտարբերությունը։ GYLA-ի պնդմամբ` նման վերաբերմունքը խրախուսում է բռնությունը և ստեղծում անպատժելիության զգացում։
«Արդեն իսկ վատթարացող լրատվական միջավայրում GYLA-ն դատապարտում է միջադեպը և կոչ է անում Հատուկ քննչական ծառայությանը և դատախազությանը արագ ու արդյունավետ արձագանքել տարածված տեղեկատվությանը», — ասված է ասոցիացիայի մայիսի 12-ի տարածած հայտարարության մեջ։
Netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ` լրագրողական գործունեությանը միջամտելու փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։