Ապրիլի 18-ից խորհրդարանի առաջ անժամկետ նստացույց կսկսենք. Նաթելաշվիլի

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի հայտարարությամբ, տաքսիստների պահանջները չբավարարելու դեպքում, խորհրդարանի առջև բողոքի ակցիաներ կսկսվեն: Նրա խոսքով ապրիլի 18-ից անժամկետ նստացույց է նախատեսվում:

«Եթե այս օրերին շուտափույթ կերպով չբավարարվեն տաքսիստների պահանջները, իշխանությունը հետ չքաշի իր խտրական նորմերը՝ ներկել մեքենաները և այլ հիմարություններ, որոնց նպատակն է ինքնազբաղ մարդկանց հեռացնել շուկայից՝ միլիոնանոց բիզնեսը թողնելով Կալաձեի եւ Իվանիշվիլիի ձեռքում, ապրիլի 18-ին, ժամը 3-ից խորհրդարանի դիմաց կսկսենք անժամկետ նստացույց անել»,- հայտարարել է Նաթելաշվիլին:

Հիշեցնենք՝ քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ Թբիլիսիում արգելվել է  շահագործել աջ ղեկով, պարտադիր գրանցում չանցած ու ոչ սպիտակ մեքենաները: Այսօրվա դրությամբ գրանցում է անցել մոտ 27 հազար տաքսի: Գրանցման ծառայությունը վճարովի է, փոխարենը քաղաքապետարանը նվիրում է տաքսու նշան, մեքենան սպիտակ ներկելու վաուչեր, անվճար տրամադրում է կայանատեղի, հնարավորություն տալիս մեքենայի վրա գովազդ տեղադրել ու գումար վաստակել:

Այս որոշումից դժգոհ վարորդներն արդեն մի քանի անգամ ակցիաներ են անցկացրել, օրեր առաջ քաղաքի կետրոնում հերթական ակցիան միջադեպերով էր ուղեկցվել: