Վրաստանում հնարավոր է սկսվի վարակի համընդհանուր տարածում. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, երկրում համաճարակային իրավիճակը վատթարանում է և հնարավոր է սկսվի վարակի համընդհանուր տարածում: 

Գամկղրելիձեի խոսքով, վերջին 20 օրվա ընթացքում երկրում համաճարակային վիճակի վատթարացում է նկատվում: Ավելանում է ամենօրյա դեպքերի քանակը՝ դրականության ցուցանիշը, այսինքն թեստավորվածների դրական մասը:

«Կորոնավիրուսի տարածման օջախներ են ձևավորվել Սամեգրելոյում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, սա խոսում է այն մասին, որ հնարավոր է, երկրում վարակի համընդհանուր տարածում սկսվի»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, այժմ առաջին հերթին պետք է խստացվի առկա հանձնարարականների կատարման վերահսկումը, և եթե բնակչությունը կատարի վարակաբանների պահանջները` խիստ սահմանափակումների կարիք չի լինի: