Օմբուդսմենը քննադատում է խորհրդարանում լրագրողների հավատարմագրման նոր կարգը

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին քննադատել է խորհրդարանում լրագրողների հավատարմագրման տրամադրման և կասեցման նոր կանոնակարգն ու խորհրդարանի նախագահին կոչ է արել նոր կանոնակարգում փոփոխություններ կատարել։

Ըստ Իոսելիանիի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը կասեցնելու գործող կանոնակարգը թույլ չի տալիս նվազեցնել երկրում բևեռացումը:

«Հանրային պաշտպանը խնդրահարույց է համարում 2023 թվականի փետրվարի 6-ին խորհրդարանի նախագահի հրամանով հաստատված «Վրաստանի խորհրդարանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կանոնը», որը դրված է այս պրակտիկայի հիմքում։ Բացի այդ, չի նկարագրվում որոշումը բողոքարկելու հարցը, իսկ լրագրողների հավատարմագրումը կասեցնելու որոշման մեջ նշված չէ այն բողոքարկելու ժամկետն ու կարգը, ինչը օրենսդրության անհրաժեշտ պահանջն է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրային պաշտպանը կոչ է անում Վրաստանի խորհրդարանի նախագահին փոփոխություններ կատարել վիճահարույց կանոնում այնպես, որ կանոնակարգը չհիմնավորված միջամտություն չառաջացնի լրատվամիջոցի ներկայացուցչի գործունեությանը։ Լրագրողների նկատմամբ ձեռնարկվող ցանկացած իրավական միջոց պետք է հիմնված լինի հավասարության սկզբունքի վրա»,- ասել է հանրային պաշտպանը։

Ի դեպ, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի նախաձեռնությամբ ընդունված ԶԼՄ-ների սահմանափակման հրամանը ուժի մեջ է մտել մարտի 1-ից։ Այս կարգի համաձայն՝ օրենսդիր մարմնում յուրաքանչյուր մեդիա կարող է ունենալ ընդամենը երեք լրագրող, իսկ նրանց հավատարմագրումը կասեցնելու դեպքում նրանց փոխարինելն անհնար կլինի։

Հատկանշական է, որ ապրիլի 6-ին խորհրդարանը կասեցրել է քննադատական 3 լրագրողների և ​​լրատվամիջոցների 2 օպերատորների հավատարմագրումը։

Խորհրդարանը որոշ ԶԼՄ-ների հավատարմագրումը կասեցրել է