Պահանջում են ճանաչել աբխազական անձնագրերը

Ժնևում կայացած միջազգային բանակցությունների հերթական՝ 57-րդ փուլում, տարբեր խնդիրներին զուգահեռ, մասնակիցները Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունից պահանջել են աբխազական անձնագրերով տարբեր երկրներ ճանապարհորդելու հնարավորություն տալ։

Ըստ տեղեկությունների՝ միևնույն ժամանակ քննարկվել են կրթության, բժշկական օգնության հասանելիության և այլ համապատասխան հարցեր:

«Երկրորդ աշխատանքային խմբի շրջանակներում հումանիտար հարցերի քննարկման ժամանակ աբխազական կողմը ևս մեկ անգամ բարձրացրել է աբխազական ազգային անձնագրերով աշխարհում տեղաշարժվելու հնարավորություն ստանալու հարցը»,- նշված է Ժնևում կայացած հանդիպումից հետո Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում և Հարավային Օսիայում քաղաքացիների 80-90 տոկոսն (տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներ) ունի ռուսական անձնագիր։ Տարիներ շարունակ դրանք տրվում էին Սոխումիում և Ցխինվալիում, սակայն 2014 թվականից հետո (Ղրիմի անեքսիայից) ԵՄ մեծ թվով երկրներ այլևս վիզաներ չէին տալիս նման անձնագրեր ունեցող քաղաքացիներին։

Ըստ այդմ, աբխազներն ու օսերը սկսել են անձնագրեր ստանալ Ռուսաստանում։ Չնայած դրան, Սոխումին կոշտ հայտարարություններով է արձագանքել Աբխազիայում ռուսական անձնագրերի հնարավոր արգելքի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշմանը։