Հանրահավաքի ևս մեկ մասնակից է ձերբակալվել

Ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքի ևս մեկ մասնակցի, որը, ըստ հաղորդագրության, նպատակ ուներ «կառավարությանը տապալելու»:

Հոկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ ձերբակալվել է առնվազն 23 մարդ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ սկսված հետաքննության շրջանակներում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ևս մեկ անձի՝ Ն.Ս.-ին»։

Հոկտեմբերի 7-ին ՆԳՆ-ն հայտնել է նույն գործով ևս չորս անձի ձերբակալման մասին, իսկ հոկտեմբերի 6-ին՝ ևս 13-ի։

Հոկտեմբերի 4-ին ձերբակալվել են նաև հանրահավաքի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամները՝ Պաատա Բուրճուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Պաատա Մանջգալաձեն, Իրակլի Նադիրաձեն և Լաշա Բերիձեն։ Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը։