Այսօր` հոկտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին Ռուսթավելիի պողոտայում սպասվող ցույցից առաջ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն հայտարարել է, որ հատուկջոկատայիններն այսօր միանալու են ժողովրդին:
«Այն բանից հետո, երբ մենք հռչակագիր կընդունենք` նրանք կանցնեն մեր կողմը»։
Հատուկ ջոկատայինների խորհրդարանի մոտ մոբիլիզացիայի վերաբերյալ նա նշել է, որ դա այլևս իմաստ չունի, քանի որ ժողովուրդն այսօր դուրս է գալիս ազատության համար։
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։