2025 թվականի պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի անկում է նկատվում։
Անկումը նկատվում է ինչպես առևտրային հարաբերություններում, այնպես էլ դրամական փոխանցումների և ուղղակի ներդրումների առումով։ Անցյալ տարվա անկումից հետո աննշան աճ է նկատվել զբոսաշրջության ոլորտում։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում տնտեսագետները հաստատեցին վերոնշյալ հանգամանքը և անհանգստություն հայտնեցին՝ հավելելով տնտեսական ռիսկերի հավանականության մասին:
Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլիի խոսքով՝ չնայած Հայաստանը երբեք առաջատար դիրք չի զբաղեցրել արտասահմանյան ուղղակի ներդրումների և դրամական փոխանցումների առումով, սակայն տնտեսական կապերի անկումն ակնհայտ է։
«Տնտեսական հարաբերությունները անկում են ապրել հիմնականում առևտրի պատճառով, ինչը պայմանավորված է մի կողմից մարդատար ավտոմեքենաների արտահանման, մյուս կողմից՝ պղնձի հանքաքարերի ներմուծման նվազմամբ։ Ներմուծման նվազման պատճառը պղնձի հանքաքարերի պահանջարկի նվազումն էր։ 2016-2021 թվականներին Հայաստանից ներմուծման ավելի քան 80%-ը եղել է պղնձի հանքաքարերից։ 2020-2021 թվականներին պղնձի հանքաքարի ներմուծումը գերազանցել է 300 միլիոն դոլարը, իսկ 2022 թվականին՝ 400 միլիոն դոլարը, սակայն նվազել է մինչև 170 միլիոն դոլար 2023 թվականին և 70 միլիոն դոլար 2024 թվականին»,- ասաց տնտեսագետը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ 2020-2022 թվականներին Վրաստանի արտահանման հիմնական ապրանքը ևս պղնձի հանքաքարն էր. «2022 թվականը ռեկորդային տարի էր՝ արտահանման ծավալը գերազանցեց մեկ միլիարդը։ 2023 թվականից ի վեր միաժամանակ նվազել են թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը»:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ին տնտեսագետի հաղորդած տվյալներով՝ Հայաստանում արտահանման հիմնական ապրանքը մարդատար ավտոմեքենան է եղել, իսկ վերջերս` հատկապես 2024 թվականից սկսած, մարդատար ավտոմեքենաների շուկան հիմնականում վերաուղղորդվել է դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ՝ Ղրղզստան և Ղազախստան, ինչի հետևանքով էլ Վրաստանի հետ նվազել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը:
Հայաստանից Վրաստան արտասահմանյան ուղղակի ներդրումների, դրամական փոխանցումների և զբոսաշրջության վիճակագրությունը ստորև։
Առևտրաշրջանառություն
Վրաստան-Հայաստան առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-մայիսին նվազել է։ Հատկանշական է, որ վերջին 5 ամիսների ընթացքում արտահանման և ներմուծման ծավալները նվազում են արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Այս տարի երկրների առևտրաշրջանառությունը նվազել է 6.4%-ով՝ հասնելով 280 միլիոն 362 հազար դոլարի, ինչը պայմանավորված է արտահանման կրճատմամբ։ Նշենք, որ Վրաստանի առևտրային հաշվեկշիռը Հայաստանի հետ դրական է, ինչը նշանակում է, որ հարևան պետություն արտահանումը գերազանցում է ներմուծմանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Վրաստանը Հայաստան ապրանքների արտահանումից վաստակել է 198 միլիոն 477 հազար դոլար, ինչը տարեկան 11.9% նվազում է։ Իր հերթին, արտահանման նվազումը պայմանավորված է եղել դեպի Հայաստան ուղևորատար ավտոմեքենաների վերաարտահանման նվազումով։ Վերջին տարիներին, Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանման աճի հետ մեկտեղ, ուղևորատար ավտոմեքենաները Հայաստան արտահանման ամենամեծ ապրանքներն են։
5 ամսվա տվյալներով արտահանման 10 առաջատար ապրանքներն են.
- ուղևորատար մեքենաներ՝ 20.4 միլիոն դոլար,
- էթիլային սպիրտ` 15.3 միլիոն դոլար, 2 մլն 481 հազար 446 լիտր,
- նավթ և նավթամթերք՝ 9.6 միլիոն դոլար, 11 հազար 498 տոննա,
- բուլդոզերներ, էքսկավատորներ (այլ նմանատիպ սարքեր)՝ 7,7 միլիոն դոլար, 83 հատ,
- շաքարի ավելացմամբ հանքային ջրեր՝ 4.8 միլիոն դոլար, 5 մլն 53 հազար 281 լիտր,
- սինթետիկ մանրաթելերի մանվածք, որը նախատեսված չէ մանրածախ վաճառքի համար ՝ 4.7 միլիոն դոլար, 2492 տոննա,
- օդորակման սարքավորումներ՝ 4.4 միլիոն դոլար, 466 տոննա,
- ձեռագործ գորգեր՝ 4.4 միլիոն դոլար, 1747 տոննա,
- թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ 3.7 միլիոն դոլար, 6404 տոննա,
- բժշկական պարագաների փաթեթավորում՝ 3.5 միլիոն դոլար, 37 տոննա,
Ինչ վերաբերում է Հայաստանից Վրաստան ներմուծմանը, այս տարի Հայաստանից գնվել է 81 միլիոն 885 հազար դոլարի ապրանք, ինչը 10.3% աճ է։ Հայաստանից ներմուծվող ամենամեծ ապրանքները պղնձի հանքաքարերն ու խտանյութերն են։
Ներմուծված 10 առաջատար ապրանքներն են.
- պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 20.9 միլիոն դոլար, 11,628 տոննա,
- սիգարներ, սիգարիլաներ, սիգարետներ՝ 14,8 մլն դոլար, 909 տոննա,
- ապակե շշեր և տարաներ՝ 11 միլիոն դոլար, 24 հազար 680 տոննա,
- թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 6.6 միլիոն դոլար, 752 տոննա,
- էլեկտրաէներգիա՝ 4.3 միլիոն դոլար, 65.6 միլիոն կՎտժ,
- ուղևորատար մեքենաներ՝ 2.3 միլիոն դոլար, 36 հատ,
- ծաղիկներ և ծաղկեփնջեր՝ 1.7 միլիոն դոլար, 313 տոննա,
- պլաստիկե փաթեթավորման արտադրանք՝ 1.5 միլիոն դոլար, 891 տոննա,
- պահածոյացված մրգեր և բանջարեղեն՝ 1.2 միլիոն դոլար, 336 տոննա,
- թարմ կամ չորացրած խաղող՝ 853 հազար դոլար, 950 տոննա, (աղբյուրը՝ BM.GE)
Դրամական փոխանցումներ
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Վրաստան է փոխանցվել 5 մլն 790 հազար 400 դոլար, ինչը 1.3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում փոխանցված գումարից։ Այս տարի Վրաստանից Հայաստան է փոխանցվել 4 մլն 599,հազար 800 դոլար, որը նույնպես 12.3%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Զբոսաշրջություն
Վրաստան այցելող միջազգային այցելուների թվով Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը առաջատար երկրների վարկանիշային աղյուսակում՝ հարևան երկրներ Ռուսաստանից և Թուրքիայից հետո։ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից կատարվել է 390 հազար 788 այցելություն, ինչը 0.8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Զբոսաշրջության ազգային վարչության պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանից այցելությունների թիվը 2024 թվականին տարեկան նվազել է 1.4%-ով՝ հասնելով 948 հազար 299-ի։ 2021 թվականից հետո Հայաստանից այցելությունների թիվն աճում էր մինչև անցյալ տարի, չնայած Հայաստանից զբոսաշրջությունը դեռևս չի հասել համավարակից առաջ եղած 2019 թվականի ցուցանիշին (1 մլն 365 հազար 48 այցելություն):
Փորձագետները, տնտեսագետները և հասարակության տարբեր շրջանակներ հաճախ են բարձրաձայնում վրաց-հայ տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում առաջացած խոչընդոտների մասին։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Վրաստանի սահմանային անցակետերում տարբեր տեսակի ապրանքների տարանցման մոնիթորինգին և ուշացմանը։ Հարցը սկզբնապես օրակարգում էր գարնանը և վերաբերում էր հայկական կոնյակի արտահանմանը, իսկ մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ հեղուկ գազի ներմուծողները նույնպես նմանատիպ խնդրի առաջ են կանգնած։
Սահմանին առաջացած խնդիրներին արձագանքել էր նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Հայկական բեռների արգելափակումը խախտում է Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամության ոգին»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում։
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է գործի այնպես, ինչպես վայել է իսկական գործընկերոջը։
«Վրաստանը պետք է լինի իսկական գործընկեր, այլ ոչ թե ճնշման միջոց։ Նման գործողությունները վնասում են վստահությանը և տարածաշրջանային տնտեսական կայունությանը»:
Հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարները դեռ Վրաստանի անցակետում են