Հունիսի 21-ին Դիլիջանում տեղի է ունեցել հայ–վրացական մշակութային խոհարարական «Միմինո» փառատոնը:
Փառատոնին մասնակցել են Վրաստանից և Հայաստանից ժամանած խոհարարներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ և զբոսաշրջիկներ, գրել է Դիլիջանի համայնքապետարանը։
Փառատոնի 4 հիմնական գոտիներում ներկայացվել են`
- Հայկական և վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման տաղավարներ,
- Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման տաղավարներ,
- Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման տաղավար,
- Մրցութային հանձնաժողովի/դատավարական տաղավար:
Փառատոնի մասնակիցները պատրաստել են ուտեստներ` ներկայացնելով փառատոնի մրցութային հանձնաժողովին, արդյունքում մրցույթի հաղթողներին շնորհվել են պարգևներ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» ու «Լավագույն մտահղացում» անվանակարգերում:
«Միմինո» փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ ընդլայնելով մասնակիցների թիվը և ընդգրկելով ավելի լայն մշակութային շերտեր, հայտնել են հայկական լրատվամիջոցները։
Հայ–վրացական առաջին փառատոնի անցկացման վայրը Դիլիջան քաղաքն է ընտրվել, քանի որ, ըստ «Միմինո» կինոնկարի, ծնունդով այստեղից էր ֆիլմում Մհեր Մկրտչյանի կերտած վարորդը` Ռուբիկը:
Փառատոնի նպատակն է խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները մշակույթի և խոհարարության միջոցով, նաև ներկայացնել երկու երկրների ավանդական ուտեստները և մշակութային ժառանգությունը:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ փառատոնից (լուսանկարները Դիլիջանի համայնքապետարանի և փառատոնի ֆեյսբուքյան էջից)

