Անկարան երախտագիտություն է հայտնում Թբիլիսիին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ)։

Վրաստանի ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ թուրք գործընկերը պաշտոնական նամակով երախտագիտություն է հայտնել Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների կողմից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր շնորհակալական ուղերձում նշել է, որ վրացի փրկարարների անձնուրաց աշխատանքի արդյունքում բազմաթիվ քաղաքացիների կյանքեր են փրկվել։

«Շատ շնորհակալ եմ մեր ցավը կիսելու, տուժած շրջաններ այցելելու և երկրաշարժերի հետևանքով առաջացած ավերածություններին ու մահերին համերաշխություն ցուցաբերելու համար։

Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ողբերգական շրջանում Վրաստանի կողմից ողջ ժողովրդին մեկնած օգնության ձեռքը»,- նշված է պաշտոնական նամակում։