Հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարները դեռ Վրաստանի անցակետում են

«Հայկական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում, այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ բեռնատարները ևս հնարավորություն ունենան տեղաշարժվելու», — այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am–ի փոխանցմամբ` հայտնել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

«30-ից ավելի բեռնատարներ այս պահին արդեն Ռուսաստանում են», — հայտնել են նախարարությունից։

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ–ում հայտարարել էր,  որ վրացական մաքսակետում 50 օր մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում:

Նշենք, որ հայաստանյան կոնյակագործները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ահազանգելով, որ Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող մեքենաները շաբաթներով կանգնեցվում են Վրաստանում, ինչը վրաց մաքսավորները հիմնավորում են խմիչքի որակի ստուգմամբ: Կոնյակագործները հարցնում են` ինչու է Վրաստանում չվաճառվող կոնյակի որակը ստուգվում, Վրաստանը տարանցիկ երկիր է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի համար։