Իլիա II-ի հուղարկավորությանը Ռուսաց եկեղեցին կներկայացնի Բելառուսի էկզարխ, միտրոպոլիտ Վենիամինը (Տուպեկո): Այս տեղեկությունը տարածել է ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցը:
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում: Նրա գահակալությունը Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատմության մեջ ամենաերկարատևն էր:
«Բելառուսի ուղղափառ ծխականները խոր վշտով ընդունեցին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի երկրային ուղու ավարտի մասին լուրը: Տիրոջ մոտ գնաց Քրիստոսի այգու հավատարիմ մշակը, որի անունը հավերժ գրված է Վրաստանի պետության և ժողովրդի պատմության մեջ»,- ասված է Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդի նամակում՝ ըստ «Սպուտնիկի»:
Միտրոպոլիտ Վենիամինը նշել է, որ Իլիա II-ը մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում ողջ ուղղափառ աշխարհում, և հիշեցրել է նրա այցը Բելառուս 2013 թվականին՝ Ռուսիայի մկրտության 1025-ամյակի առիթով:
«Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հոգևոր սխրանքը դարձավ Քրիստոսի կենդանի քարոզը ոչ միայն հանուն վրաց ժողովրդի բարօրության, այլև եկեղեցիների միջև եղբայրական կապերի պահպանման համար, ինչը մեզ հիշեցնում է, որ մենք Քրիստոսի միասնական մարմինն ենք՝ միավորված մեկ հավատքով և սիրով»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ «Սպուտնիկ»-ի՝ Բելառուսի պատրիարքական էկզարխ, միտրոպոլիտ Վենիամինը (Տուպեկո), Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանձնարարությամբ, Իլիա II-ի հուղարկավորությանը կներկայացնի Ռուս Ուղղափառ Եկեղեցին:
Պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի օրը՝ մարտի 22-ին: Ըստ Իլիա II-ի կտակի` նրան կհուղարկավորեն Թբիլիսիի Սիոնի Մայր տաճարում: Իլիա II-ի մահվան կապակցությամբ հայտարարված համազգային սուգը կտևի մինչև մարտի 22-ը ներառյալ: Սուրբ Սինոդի որոշմամբ՝ Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) պաշտոնապես դարձել է պատրիարքական գահապահ մինչև նոր Կաթողիկոս-Պատրիարքի ընտրությունը: