Հոկտեմբերի 4-ին Վրաստանում ՏԻՄ ընտրությունները լարված իրավիճակում ընթացան. ընտրություններին ընդդիմության մեծ մասը չէր մասնակցում բոյկոտի պատճառով:
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Քվեմո Քարթլիի շրջանում գրանցվեց մի քանի դեպք, ըստ որի` ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմության անդամները հանեցին իրենց թեկնածությունը։
Մասնավորապես՝ «Լելո» կուսակցության Կղուլարիի, Առաջին Քեսալոյի, Կղիզիլաջլոյի և Զեստափոնիի մեծամասնական թեկնածուները հանել էին իրենց թեկնածությունները։
Այս թեմային անդրադառնալով` ընդդիմադիր քաղաքական գործիչ Իրակլի Կուպրաձեն, որը «Լելո — Ուժեղ Վրաստան»-ի և «Գախարիան Վրաստանի համար»-ի համատեղ քաղաքապետի թեկնածուն էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել է, որ ամբողջ Վրաստանում մոտ 500 մեծամասնական թեկնածու են առաջադրել, և նրանցից միայն մեծամասնական 3 թեկնածու է հրաժարվել ընտրություններից.
«Նրանք չդիմացան ճնշումներին ու բռնությանը։ Երեքն էլ գտնվում էին ադրբեջանական համայնքում, որտեղ ճնշումն ավելի մեծ է։ Մեկը Բոլնիսիի քաղաքապետի թեկնածուն էր, որը 4 օր առաջ` մինչ կհրապարակեր իր հրաժարականի մասին, եկավ և մեզ ասաց. «Ինձ գումար են առաջարկել, բայց ես չեմ վաճառվի և ամուր կկանգնեմ»։ Դրանից 4 օր հետո նա հրապարակեց իր թեկնածությունից հրաժարվելու հայտարարությունը»,- նշել է Կուպրաձեն։
Նրա խոսքով՝ սա մի բան կարող է նշանակել. եթե թեկնածուները հրաժարվել են կաշառքից, ուրեմն «Վրացական երազանք»-ը կիրառել է բռնության առավել ճնշող մեխանիզմ։
Մինչ այդ, «Լելո» կուսակցությունն այս զրույցների ձայնագրությունը ևս հրապարակել էր, որտեղ թեկնածուներին առաջարկում են գարնանը մասնակցել «արտահերթ խորհրդարանական ընտրություններին» ու այս անգամ` «Վրացական երազանք»-ի անունից:
Այս թեման ավելի վաղ ևս քննարկման շարժառիթ էր, որի մասին մանրամասները կարող եք կարդալ ստորև։
Ընտրություններ առանց մրցակցության. ընդդիմադիրները հրաժարվում են թեկնածություններից